top of page

Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը:

Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա:

Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել է նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները:

bottom of page