top of page

Գիտնականները պարզել են, թե ինչու է կարմիր միսն ի վիճակի ուժեղացնել աղիների բորբոքումը

  • Jun 27
  • 1 min read


Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում սպիտակուցի աղբյուրը կարող է էականորեն ազդել աղիների բորբոքային հիվանդությունների ծանրության վրա։ Cellular and Molecular Gastroenterology բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքը ցույց է տալիս, որ տավարի մսի սպիտակուցով հարուստ սննդակարգն ուժեղացնում է աղիների բորբոքումը կենդանական մոդելների շրջանում, մինչդեռ ոլոռի բուսական սպիտակուցը կապված է հիվանդության ավելի թեթև ընթացքի հետ։

Աղիների բորբոքային հիվանդությունները, ներառյալ Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը, վերջին տասնամյակներում ավելի ու ավելի տարածված են դառնում ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Դրան զուգահեռ աճում է կենդանական սպիտակուցի, ներառյալ՝ կարմիր մսի սպառումը, ինչը նախկինում աղիների բորբոքային հիվանդություններն արդեն կապվում էր սրացումների բարձր ռիսկի հետ, սակայն այդ կապի կենսաբանական մեխանիզմները մնում էին անորոշ։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են սպիտակուցի տարբեր աղբյուրների՝ տավարի մսի, ձվի, կաթնամթերքի, սոյայի և ոլոռի ազդեցությունը մկների մոտ աղիների բորբոքային հիվանդությունների մի քանի մոդելների բորբոքման զարգացման վրա։ Արդյունքները եղել են կայուն. տավարի սպիտակուցով սննդակարգը հանգեցրել է աղիների ամենածանր բորբոքմանը, մինչդեռ ոլոռի սպիտակուցը ամենաքիչ արտահայտված ախտանիշներն է առաջացրել։

Հետազոտողները նշում են, որ ազդեցությունը կախված չի եղել կենդանիների սեռից և վերարտադրվել է տարբեր փորձարարական մոդելներում, ինչն ուժեղացնում է դիտարկումների հուսալիությունը։

Նրանց տվյալներով՝ բորբոքման ծանրության տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչպես է աղիքային միկրոֆլորան փոխազդում աղիքային պատնեշի և լեղաթթուների փոխանակման հետ։ Այդ գործընթացները կարող են կամ ուժեղացնել բորբոքումը, կամ, ընդհակառակը, պաշտպանել աղիների լորձաթաղանթը։

Աշխատանքի հեղինակները ենթադրում են, որ հենց սպիտակուցի աղբյուրը, և ոչ միայն դրա քանակը, կարող է առանցքային դեր խաղալ աղիներում բորբոքային գործընթացների կարգավորման գործում։

Չնայած հետազոտությունն իրականացվել է կենդանական մոդելների վրա, դրա արդյունքները կարող են օգնել Աղիների բորբոքային հիվանդություններից տառապող բուժառուների համար սննդակարգի ավելի ճշգրիտ հանձնարարականների մշակման և հիվանդության ընթացքի վրա սննդի ազդեցության ընկալման հարցում:

 
 
1/2804
bottom of page