Վրաստանն Ուկրաինայից պահանջում է հանձնել Սաակաշվիլու կառավարության անդամներին
«Հուսով ենք, որ Ուկրաինայի իշխանությունը կվերանայի որոշումները, որոնք կոպտորեն հակասում են Վրաստանի եւ Ուկրաինայի, վրացի եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամական ոգուն»,- նշվել է Վրաստանի կառավարության հայտարարությունում, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Հայտարարությունում նշվել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է Վրաստանին հանձնեն հանցագործներին, որոնք ներկայում բարձր պաշտոններ են զբաղեցնում Ուկրաինայի իշխանությունում։
«Ուկրաինայի պաշտոնական պատվիրակության կազմում ԵՄ եւ Գերմանիա Զուրաբ Ադեիշվիլու այցի ֆոնին մենք կցանկանայինք մեր խոր անհանգստությունը հայտնել Ուկրաինայի բարեկամական երկրի՝ Վրաստանի եւ վրացի ժողովրդի հանդեպ ուկրաինական իշխանության վերաբերմունքի հետ կապված։
Ելնելով այն բանից, որ Ուկրաինան պատերազմի մեջ է եւ պաշտպանվում է ռուսական ագրեսիայից, մենք երկար ժամանակ ձեռնպահ ենք մնացել Ուկրաինայի այս վերաբերմունքը ֆիքսելուց։ Չնայած ուկրաինական պատվիրակության կազմում Զուրաբ Ադեիշվիլու Բրյուսել եւ Բեռլին այցից հետո մենք ստիպված ենք հստակ արտահայտել մեր դիրքորոշումը։
Վերջին երկու տարում Վրաստանը իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին եւ դատապարտել է Ռուսաստանի ռազմական ագրեսիան մեր բարեկամ երկրի դեմ։ Վրաստանը պաշտոնապես միացել է ավելի քան 600 որոշումների, որոնք մշակվել են միջազգային պլատֆորմներում, որոնք ապահովել են աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դատապարել Ռուսաստանի ռազմական ագրեսիան։ Բացի այդ, Վրաստանը լայն հումանիտար օգնություն է ցուցաբերում բարեկամ ուկրաինացի ժողովրդին։
Այս ֆոնին, Ուկրաինայի իշխանությունների մի շարք որոշումներ ափսոսանք եւ խոր մտահոգություն են առաջացնում, որոնք հակասում են մեր ժողովուրդների ավանդական բարեկամությանը։
- Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ չմտցնելու եւ կամավորների Ուկրաինա չուղարկելու անհասկանալի պատրվակով 2022թ. մարտի 1-ին հետ են կանչել Վրաստանում Ուկրաինայի Արտակարգ եւ լիազոր դեսպանին;
- 2023թ. հուլիսի 3-ին Ուկրաինայի իշխանությունները Միխայիլ Սաակաշվիլու մահամերձ վիճակում գտնվելու կեղծ պատրվակով վտարել են Ուկրաինայում Վրաստանի դեսպանին։ Հիշեցնենք, որ Վրաստանի դեսպանը հազվադեպ օտարերկրյա դիվանագետներից մեկն էր, որոնք մնացել էին Կիեւում պատերազմի սկզբից եւ չէին հեռացել Ուկրաինայից ոչ մի օր;
- Ուկրաինայի իշխանությունները Միխայիլ Սաակաշվիլու մասին մի շարք հայտարարություններ են արել, որոնցում իբր նշված է նրա բանտարկության քաղաքական մոտիվը, այդ թվում հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանն սպանում է Միխայիլ Սաակաշվիլուն վրացական իշխանությունների ձեռքով»;
- Ուկրաինայի իշխանությունում բարձր պաշտոններ նախկինի պես զբաղեցնում են մարդիկ, որոնք հետախուզման մեջ են կամ դատապարտված են տարբեր հանցագործությունների համար։ Այս տեսակետից հատուկ անհանգստություն է առաջացնում Զուրաբ Ադեիշվիլու գտնվելը Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաեւ Ուկրաինայի հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում Գեորգի Լորտկիպանիձեի գտնվելը։ Հիշեցնենք, որ նշյալ անձինք գլխավորել են Վրաստանի նախորդ իշխանության ավտորիտար վարչակարգը, որի զոհ են դարձել շատ մարդկանց կյանքը, առողջությունը եւ բարեկեցությունը։
Վրաստանի կառավարությանն անհասկանալի է, թե ինչու է Ուկրաինայի կառավարությունը նման որոշումներ ընդունում, որոնք ուղղված են երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների արհեստական բաժանմանը։
Հուսով ենք, որ Ուկրաինայի իշխանությունները կվերանայեն այն որոշումները, որոնք կոպտորեն հակասում են Վրաստանի եւ Ուկրաինայի, վրացի եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամության ոգուն։ Նախ եւ առաջ Ուկրաինայի իշխանությունները պետք է Վրաստանին հանձնեն այն հանցագործներին, որոնք այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ուկրաինայի իշխանությունում։
Մենք հավատում ենք, որ ինչպիսի որոշումներ էլ որ կայացնեն քաղաքական գործիչները, ոչինչ չի սասանի մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը»,- նշված է Վրաստանի կառավարության հայտարարությունում։